Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 սեպտեմբերի 2024 թվականի N 19

«ՀԱԷԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՉՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

 թվականի սեպտեմբերի 2-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տան դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստի կառուցման գործունեության վերաբերյալ։

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ հանրային լսման նպատակն է բնակչությանը ներկայացնել ծրագրի նախագիծը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։

 «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի՝ անվտանգության գծով տեղակալ Վովիկ Աթոյանը ներկայացրեց աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստարանի ընդլայնման՝ նոր պահեստարանի կառուցման անհրաժեշտությունը «ՀԱԷԿ»-ի շահագործման ընթացքում աշխատած միջուկային վառելիքի հուսալի և անվտանգ պահպանման տեսակետից: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի մասնագետները ներկայացրեցին նոր պահեստարանի նախագծային և  տեխնոլոգիական  լուծումները և  շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության բացառման վերլուծությունները:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, ծանոթանալով նախատեսվող գործունեության ողջ ընթացակարգին, իր խոսքում նշանակալից համարեց ատոմային էլեկտրակայանի պես հզոր և կարևոր կառույցի գործունեությունը ինչպես մեր պետության, այնպես էլ համայնքի համար և կարևորեց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի պատշաճ և անվտանգ աշխատանքին նպաստող բոլոր գործառույթների իրականացումը։

Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր նոր պահեստարանի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության, աշխատած միջուկային վառելիքի պահպանման պայմանների, ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման առանձնահատկությունների վերաբերյալ:

Հարցերին ի պատասխան՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ մասնագետները ներկայացրեցին նախկինում կառուցած պահեստարանների շահագործման փորձը, ճառագայթային մոնիտորինգի տվյալները ՀԱԷԿ-ի տարածքում և շրջակա բնակավայրերում: Նշվեց, որ ՀԱԷԿ-ի շահագործման ամբողջ ընթացքում ճառագայթային անվտանգության նորմերի խախտումներ չի արձանագրվել և կայանի մասնագետների կողմից կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և սահմանված բոլոր պահանջվող աշխատանքները և չափումները:

Կառուցողական հարց ու պատասխանից հետո համայնքի ղեկավարն ամփոփեց հանրային լսումը՝ հավելելով, որ պահեստի կառուցման վերաբերյալ ունի դրական դիրքորոշում։



Կից փաստաթղթեր՝
(1.28 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner